Կիրակի օրը, նախագահ Պուտինի ձեռամբ, Մոսկվայում տրվեց օլիմպիական կրակի էստաֆետի մեկնարկը: Մինչև Սոչի հասնելն այն օլիմպիական խաղերի մեկնարկին մնացած 123 օրում կկտրի մոտ 65 հազար կիլոմետր ճանապարհ` լինելով ռուսական տերության բոլոր տարածաշրջաններում: Այսպես ռուսները կփորձեն աշխարհին ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնել իրենց երկիրը:
Ճանապարհորդության ընթացքում օլիմպիական կրակը կհայտնվի ինչպես Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր կետում` Էլբրուսի գագաթին, այնպես էլ կիջեցվի Բայկալի` աշխարհի ամենախոր լճի հատակը:
Կրակը Հունաստանից Մոսկվա է հասցվել հատուկ ինքնաթիռով:
Ի դեպ, ճամփորդության ելած կրակն արդեն իսկ ունեցել է առաջին դիպվածը: Երկրորդ էտապում, դեռևս Կրեմլի տարածքում, այն մի քանի վայրկյան մարել է, երբ եղել է աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքում: Նկատենք, որ հայի բախտ կոչվածն այստեղ ոչ մի կապ էլ չունի եղածի հետ: Մոսկվայի օլիմպիադայի նախապատրաստության ժամանակ էլ կրակը հանգել է: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե կրակն իրեն այսպես ոչ ադեկվատ է պահում միայն ռուսական հողում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ